Sunday, April 12, 2015

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ՝ ՀՈԳևՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Այս տարի Սուրբ Զատիկը նշվեց ապրիլի 5-ին: Հենց այդ օրն էլ Բերդի նորակառույց Սբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա եկեղեցու բակում տեղի ունեցավ
ճանաչողական միջոցառում: Միջոցառման նպատակն էր խթանել հոգևոր կյանքն ընդհանրապես մեր տարածաշրջանում, ևս մի անգամ հաղորդակցվել հոգևոր մշակույթին և դաստիարակությանը: Բերդի և հարակից գյուղերի ուսումնական հաստատությունները ձևավորել էին անհատական սեղաններ՝ ներկայացնելով տոնի խորհուրդը և խորհրդանշանները: Մրցութային ծրագիրը վերաբերում էր ոչ միայն Զատիկի՝ որպես եկեղեցական տոնի ներկայացմանը, այլև գեղեցիկ և ճաշակով ձևավորմանը: Կազմվեց հանձնաժողով Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը շրջում և գնահատում էր սեղանների և՛ պարունակությունը, և՛ ձևավորումը, և՛ աշակերտների՝ խորհրդանշանները  ներկայացնելը: Լավագույնների թվում էինք նաև մենք՝ Բերդի ավագ դպրոցը: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր նաև Բերդի քաղաքպետ Հ. Մանուչարյանը. նա գովեց մեր աշակերտների և ուսուցիչների համատեղ ջանքերով ձևավորված սեղանը: Ստացանք նաև խրախուսիչ մրցանակ՝ շախմատ:

Միջոցառումը շատ ուսանելի էր մեր աշակերտների և ընդհանրապես տարածաշրջանի ողջ բնակչության համար: Ամենակարևորը այն էր, որ միջոցառումն իր մեջ համախմբվելու, միասին գործելու, միասին աշխատելու խորհուրդ ուներ, իսկ միասնականությունն ու համախմբվածությունը ամեն գործի հաջողության գրավականն են: Օրը անմոռանալի էր թե՛ մեր, թե՛ քաղաքի բնակիչների և թե՛ հյուրերի համար:

Էմմա Քոսակյան

Բերդի ավագ դպրոցի ԱԽ համանախագահ

No comments:

Post a Comment