Wednesday, April 29, 2015

Յառա՜ջ, ապրիլը հաղթել է


Գարունը  հայ ժողովրդի համար բնավ չնշանավորվեց վերածննդով ու գարնանային տրամադությամբ, իսկ ապրիլը դարձավ համաժողովրդական ողբերգություն, համամարդկային ոճիրի արտահայտություն: Գարնանը թուրքն իրագործեց մարդկության դեմ կատարած երբեմնի ամենածանր հանցանքներից մեկը՝ ցեղասպանությունը՝ մտածելով թողնել մեկ հայ թանգարանի համար: Բայց իր հաշվարկներում սխալվեց մարդակեր գազանը, որովհետև այսօր՝ հարյուր տարի անց, հայը հաստատուն կանգնած է հանուր մարդկության առաջ և պահանջում է արդար հատուցում: Հայը այսօր դարձել է մեկ բռունցք, ծովացել, փոթորկվել ու պահանջում է ողջ աշխարհից արդար հատուցում միլիոն ու կես անմեղ նահատակների համար:
Ապրիլի 23-ին Բերդի ավագ դպրոցում միջոցառում էր՝ նվիրված Հայոց եղեռնի հարյուրամյա տարելիցին: Տարելիցները սովորաբար տարբեր են լինում, բայց այս մեկը առանձնահատուկ նշանակություն ուներ՝ իմաստավորել անցյալը ու վերապրել մի ողջ ժողովրդի ողբերգական պատմությունը, ուժ գտնել շարունակելու, որովհետև ապրելն ինքնին հաղթանակ է:
Ութերորդ դասարանի աշակերտները մոմավառությունից հետո ասմունքեցին հատվածներ Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմից , Սևակի և Վարուժանի ստեղծագործություններից: Միջոցառման նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել գիտակցական վերաբերմունք հայ ժողովրդի պատմական ճակատագրի արյունալի էջերի նկատմամբ և ծանոթանալ մեր պատմական բախտի մասին պատմող հայտնի ստեղծագործություններին: Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ողջ դպրոցն այցելեց Սորան՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերին. ծաղիկներ դրվեցին եղեռնի զոհերի  հիշատակին կառուցված հուշարձանին, մատուցվեց պատարագ նահատակների հոգիների հանգստության համար, կատարվեց մոմավառություն: Բնությունն էլ սգում էր ողջ հայության հետ մանրահատիկ անձրևով և ձյան հատուկենտ փաթիլներով:
Ապրե՜նք երկար, որովհետև ապագան մերն է:

 Յառա՜ջ, ապրիլը հաղթել է...
                                                                                                 Հեղինակ՝ Լ. Թումանյան

Sunday, April 12, 2015

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ՝ ՀՈԳևՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Այս տարի Սուրբ Զատիկը նշվեց ապրիլի 5-ին: Հենց այդ օրն էլ Բերդի նորակառույց Սբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա եկեղեցու բակում տեղի ունեցավ
ճանաչողական միջոցառում: Միջոցառման նպատակն էր խթանել հոգևոր կյանքն ընդհանրապես մեր տարածաշրջանում, ևս մի անգամ հաղորդակցվել հոգևոր մշակույթին և դաստիարակությանը: Բերդի և հարակից գյուղերի ուսումնական հաստատությունները ձևավորել էին անհատական սեղաններ՝ ներկայացնելով տոնի խորհուրդը և խորհրդանշանները: Մրցութային ծրագիրը վերաբերում էր ոչ միայն Զատիկի՝ որպես եկեղեցական տոնի ներկայացմանը, այլև գեղեցիկ և ճաշակով ձևավորմանը: Կազմվեց հանձնաժողով Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը շրջում և գնահատում էր սեղանների և՛ պարունակությունը, և՛ ձևավորումը, և՛ աշակերտների՝ խորհրդանշանները  ներկայացնելը: Լավագույնների թվում էինք նաև մենք՝ Բերդի ավագ դպրոցը: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր նաև Բերդի քաղաքպետ Հ. Մանուչարյանը. նա գովեց մեր աշակերտների և ուսուցիչների համատեղ ջանքերով ձևավորված սեղանը: Ստացանք նաև խրախուսիչ մրցանակ՝ շախմատ:

Միջոցառումը շատ ուսանելի էր մեր աշակերտների և ընդհանրապես տարածաշրջանի ողջ բնակչության համար: Ամենակարևորը այն էր, որ միջոցառումն իր մեջ համախմբվելու, միասին գործելու, միասին աշխատելու խորհուրդ ուներ, իսկ միասնականությունն ու համախմբվածությունը ամեն գործի հաջողության գրավականն են: Օրը անմոռանալի էր թե՛ մեր, թե՛ քաղաքի բնակիչների և թե՛ հյուրերի համար:

Էմմա Քոսակյան

Բերդի ավագ դպրոցի ԱԽ համանախագահ