Monday, March 9, 2015

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ԽԻՂՃՆ Է ԴԱ, ՍՈՒՐԲ ՀԱՑԸ ՄԵՐ ՍԵՂԱՆԻ…


Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը:
Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը: Հարկ է, որ հայ ընտանիքում խոսեն միայն հայերեն եւ այնտեղ իշխի հայեցի դաստիարակությունը, զանգվածային լրատվամիջոցները մատուցեն հայոց լեզվի  հարստությունն  ու գեղեցկությունը, հայ երիտասարդը սովորի եւ կիրառի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հավատարիմ իր ինքնությանը: Ահա այս հիմնախնդիրներին էր նվիրված 2015թ.
փետրվարի 20-ին Բերդի ավագ դպրոցում կայացած բանավեճ-քննարկումը, որին մասնակցում էին ավագ դպրոցի աշակերտները, ուսուցիչները: Բանավեճի կազմակերպման աշխատանքներն իրականացրել էր Բերդի ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը: Բանավեճի նպատակն էր մատաղ սերնդի մեջ դաստիարակել սեփական լեզուն արժևորելու և բարձր գնահատելու մշակույթ:  Հարցերը և պատասխանները բազմազան էին, սովորողները իրենց դիրքորոշումն էին արտահայտում լեզվաքաղաքականության, հայեցի դաստիարակության,
Հայաստանում պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ հարգարժան, պատշաճ և գիտակցված վերաբերմունք ձևավորելու մասին:


Այն մտավախությունը կար նաև, որ մեր օրերում տիրական և թելադրող դարձած «արժեքների» սանդղակում հոգևորը և այդ համատեքստում ամենաառանցքայինը՝ լեզուն, չի գիտակցվում որպես ազգային անվտանգության կամ ինքնության բաղադրիչ: Սա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև հայերեն տառերով գրված ամեն բառ դեռ հայերեն չէ: Ինչևէ, աշակերտներն իրենք եկան այն եզրահանգման, որ ազգային դպրոցն ու մայրենի լեզուն հայի ինքնության ու դրա պահպանման գրավականն են:
                                                                                           Հեղինակ՝ Լ. Թումանյան