Գարունը հայ ժողովրդի համար բնավ չնշանավորվեց վերածննդով
ու գարնանային տրամադությամբ, իսկ ապրիլը դարձավ համաժողովրդական ողբերգություն, համամարդկային
ոճիրի արտահայտություն: Գարնանը թուրքն իրագործեց մարդկության դեմ կատարած երբեմնի
ամենածանր հանցանքներից մեկը՝ ցեղասպանությունը՝ մտածելով թողնել մեկ հայ թանգարանի
համար: Բայց իր հաշվարկներում սխալվեց մարդակեր գազանը, որովհետև այսօր՝ հարյուր տարի
անց, հայը հաստատուն կանգնած է հանուր մարդկության առաջ և պահանջում է արդար հատուցում:
Հայը այսօր դարձել է մեկ բռունցք, ծովացել, փոթորկվել ու պահանջում է ողջ աշխարհից
արդար հատուցում միլիոն ու կես անմեղ նահատակների համար:
Ապրիլի 23-ին Բերդի ավագ դպրոցում
միջոցառում էր՝ նվիրված Հայոց եղեռնի հարյուրամյա տարելիցին: Տարելիցները սովորաբար
տարբեր են լինում, բայց այս մեկը առանձնահատուկ նշանակություն ուներ՝ իմաստավորել անցյալը
ու վերապրել մի ողջ ժողովրդի ողբերգական պատմությունը, ուժ գտնել շարունակելու, որովհետև
ապրելն ինքնին հաղթանակ է:
Ութերորդ դասարանի աշակերտները
մոմավառությունից հետո ասմունքեցին հատվածներ Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմից , Սևակի
և Վարուժանի ստեղծագործություններից: Միջոցառման նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել
գիտակցական վերաբերմունք հայ ժողովրդի պատմական ճակատագրի արյունալի էջերի նկատմամբ
և ծանոթանալ մեր պատմական բախտի մասին պատմող հայտնի ստեղծագործություններին: Միջոցառմանը
մասնակցում էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ողջ
դպրոցն այցելեց Սորան՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերին. ծաղիկներ դրվեցին
եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին,
մատուցվեց պատարագ նահատակների հոգիների հանգստության համար, կատարվեց մոմավառություն:
Բնությունն էլ սգում էր ողջ հայության հետ մանրահատիկ անձրևով և ձյան հատուկենտ փաթիլներով:
Ապրե՜նք երկար, որովհետև ապագան
մերն է:
Յառա՜ջ, ապրիլը հաղթել է...
Հեղինակ՝ Լ. Թումանյան